38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԱՅՆ ԱԶԳԸ, ՈՐԸ ԹԱՂՎԱԾ Է ՄՆՈՒՄ ԻՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ, ՉԻ ԿԱՐՈՂ ԼԱՎ ԱՊԱԳԱ ԿԱՌՈՒՑԵԼ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԻՆՉՊԵՍ և ԱՅՆ ԱԶԳԸ, ՈՐԸ ՄՈՌԱՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՑՅԱԼԸ»

«ԱՅՆ ԱԶԳԸ, ՈՐԸ ԹԱՂՎԱԾ Է ՄՆՈՒՄ ԻՐ ԱՆՑՅԱԼՈՒՄ, ՉԻ ԿԱՐՈՂ ԼԱՎ ԱՊԱԳԱ ԿԱՌՈՒՑԵԼ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԻՆՉՊԵՍ և ԱՅՆ ԱԶԳԸ, ՈՐԸ ՄՈՌԱՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՑՅԱԼԸ»
27.02.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Որպես Անվտանգության խորհրդի քարտուղար` երկօրյա աշխատանքային այցով Փարիզում էիք, ի՞նչ հարցեր էիք քննարկում ֆրանսիացիների հետ:
-Ֆրանսիայում հանդիպումներ ունեցա տեղի անվտանգության համակարգի պատասխանատուների հետ, այդ թվում` անվտանգության և պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրենսիս Դելոնի, հետախուզության ազգային համակարգող Բեռնար Բաժոլեի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Ֆրանսիայում 2008-ին է ձևավորվել անվտանգության և պաշտպանության խորհուրդը (նախագահը երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին է, ունի 8 անդամ, աշխատակազմը` 550 աշխատակից), որը համակարգում է անվտանգության և պաշտպանության ոլորտի բոլոր խնդիրները: Քննարկել ենք Հայաստանի և Ֆրանսիայի անվտանգության խորհուրդների համագործակցության հնարավորությունները, մշտական խորհրդակցությունների պայմանավորվածության հանգեցինք, որը հնարավորություն կտա ԵՄ առանցքային երկրներից մեկի հետ ունենալու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ երկխոսություն: Հանդիպեցի նաև նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան Լևիտի հետ, եվրոպական հարցերի պետական քարտուղարի հետ, հատուկ ծառայության ղեկավարների հետ պայմանավորվեցինք Հայաստանի և Ֆրանսիայի իրավապահ մարմինների ակտիվ համագործակցություն սկսելու վերաբերյալ, նաև` արտակարգ իրավիճակների կառույցների միջև: Հայաստանն այսօր Եվրամիության հետ հավակնոտ բարեփոխումներ է իրականացնում 190 ուղղություններով, Ֆրանսիան երկկողմանի աջակցություն կցուցաբերի Հայաստանին այս բարեփոխումների ընթացքում:
-Ի՞նչ է դա նշանակում:
-Կոնկրետ մի քանի ուղղություններով Ֆրանսիան ինստիտուցիոնալ, տեխնիկական, խորհրդատվական աջակցություն կցուցաբերի` մի քանի առանցքային ոլորտներ Հայաստանում վերափոխելու համար: Բնականաբար, հանդիպումների ընթացքում անդրադարձանք տարածաշրջանի ու Հայաստանի զարգացումներին, այցը հագեցած ծրագիր ուներ և բազում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին` ապագային միտված ծրագրերի իրականացման վերաբերյալ:
-Փետրվարի 22-ին ԵՄ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ հրավիրված նիստը ի՞նչ նպատակներ ուներ, հետագա ի՞նչ զարգացումներ են հնարավոր:
-Հայաստանն առաջին երկիրն է, որ արևելյան գործընկերության ծրագրով ԵՄ-ի հետ աշխատում է հատուկ ձևաչափով, միակ երկիրն է, որտեղ գործում է Եվրամիության հատուկ խորհրդատվական խումբ, որոնք որպես նախարարների խորհրդականներ, ներգրավված են տարբեր գերատեսչություններում և օգնում են բարեփոխումների անցկացմանը: Երկուշաբթի օրն ամփոփեցինք նրանց 9 ամիսների աշխատանքը և համատեղ նախանշեցինք առաջիկա ամիսների աշխատանքները: Հայաստանի կողմից այդ աշխատանքներն ի պաշտոնե համակարգում եմ ես, Եվրամիության կողմից` դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը: Կատարված աշխատանքների թվում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վարչական կարողությունների ուժեղացումը, պատրաստ է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի հայեցակարգը, որը լուրջ բարեփոխումներ է ենթադրում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այս ընթացքում Հայաստանում բացվեց դիվանագիտական ակադեմիա, շատ կարևոր ձեռքբերումներ կան քաղաքական երկխոսության ոլորտում: Երեք խմբեր են գործում` առաջինը քաղաքականն է. ԵՄ-ի հետ պատրաստվում ենք ասոցացման պայմանագիր ստորագրել, որը քաղաքական համագործակցության ավելի բարձր մակարդակ է նշանակում, քան այսօր կա: Երկրորդ խումբը վերաբերում է անվտանգության, արդարադատության և ազատության խնդիրներին, արդեն այս տարի կունենանք հատուկ կոմիտե ԵՄ-ի հետ, որը կզբաղվի այս խնդիրներով (համագործակցության խորացում, վիզաների ազատականացում, քաղաքացիական սեկտորի ներգրավվածության մեծացում, այլ բարեփոխումներ): Երրորդ խումբը տնտեսությանն է վերաբերում, աշխատում ենք ազատ առևտրի պայմանագրի ստորագրման ուղղությամբ: Նիստում արձանագրվեց եվրոպական խորհրդատվական խմբի աջակցությամբ մեր կարևոր ձեռքբերումը. Հայաստանի գյուղմթերքներն այսուհետև կարող են արտահանվել ԵՄ շուկաներ (գյուղատնտեսական արտադրանք, ձկնեղեն, հյութեր, ջրեր): Ընթացակարգերը հստակեցվում են, մեխանիզմները պարզեցվում են, բարեփոխումներ են սկսվել ՀՀ մաքսային համակարգում, որի նպատակն է վերացնել ավելորդ թղթարարությունը, ներմուծել էլեկտրոնային կառավարման հաղորդակցություն պետական կառավարման մարմինների և տնտեսավարող սուբյեկտների միջև:
-Ձեր կարծիքով` հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված վիճակն օրինաչափ աշխատանքայի՞ն է, թե՞ ինչ-որ սխալ, այնուամենայնիվ, կատարվեց:
-Ես կարծում եմ, որ օրինաչափ վիճակ է. համեմատեք բոլոր երեք փուլերը և կտեսնեք, որ ժամանակային որոշակի դադարներով են միմյանցից բաժանված: Իհարկե, տարբեր խմորումներ ու զարգացումներ եղել են և նախորդ երկու փուլերում, և հիմա կան: Տեսնենք` իրադարձություններն ինչպես կզարգանան:
-Հավանական համարո՞ւմ եք, որ Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները:
-Նման բարդ քաղաքական խնդիրների մեջ սովորաբար երբեք չեն ասում` երբեք: Թուրքիան պարբերաբար հաստատում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու իր ցանկությունը, Հայաստանը ևս հարևանի հետ նորմալ հարաբերությունների հաստատման կողմնակից է, ինչը քանիցս ասվել է տարբեր ատյաններում ու մակարդակներով: Պարզապես հայերի, թուրքերի, ադրբեջանցիների միջև կա մի շատ կարևոր տարբերություն, որը շատերը չեն նկատում. մենք ինչ ասում ենք, այն էլ անում ենք, նրանք անում են, բայց զուգընթաց հնչեցնում են իրարամերժ հայտարարություններ: Ադրբեջանը բանակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով, զուգահեռ` պարբերաբար ռազմատենչ հայտարարություններ է հնչեցնում, Թուրքիան ստորագրում է արձանագրությունները, զուգահեռ տարբեր մակարդակներով իրարամերժ մեկնաբանություններ ու գնահատականներ է տալիս: Քաղաքական գործիչների համար հասկանալի է, որ հայտարարություններն ունեն ներքին սպառման և արտաքին սպառման ուղղություններ, բայց, իհարկե, ավելի լավ է, որ և՛ գործողությունները, և՛ խոսքերը քաղաքական հանգուցային խնդիրներում միմյանցից անջրպետված չլինեն անհաղթահարելի հակասություններով:
-Դերենիկ Դեմիրճյանը մի հանճարեղ խոսք ունի դարասկզբին գրված` «Հայը»։ Ի թիվս այլ բնութագրումների, նա գրում է, որ դիվանագիտության մեջ հայերը մի նպատակ ունեն միայն` անկեղծ լինել: Կարծում եք` դասականը հիմա՞ էլ ճիշտ է, թե՞, բացի անկեղծ լինելը, նաև արդյունք ենք ակնկալում արդեն:
-Ոչ միայն մեր դիվանագիտության, ամեն մի ձեռնարկի գնահատականը վերջնական արդյունքն է, և մենք պետք է սովորենք մարդկանց գործունեությունն էլ գնահատել արդյունքի տեսակետից, ոչ թե տեսական ճառերի, բարի մտադրությունների ու նույնիսկ գործադրած ջանքերի: Արդյունքին միտված ջանքերը չի կարելի պայմանավորել անկեղծությամբ կամ անկեղծության բացակայությամբ, պետք է և՛ ազնիվ, և՛ ճկուն լինել դիվանագիտության մեջ:
-Չե՞ք կարծում, որ թուրքական դիվանագիտությունը շատ ավելի ճկուն է գործում, քան հայկական դիվանագիտությունը` նույնիսկ իր իրարամերժ տեսակետների բարձրաձայնման տակտիկայով. վերջ-առաջ այդ տեսակետները ճիշտ են լինում, խնդիրը ժամանակն է, իսկ ժամանակի մեջ այնքան շատ են փոփոխությունները... Մեր խնդիրը անկեղծ ու մեր խոսքի տերը մնա՞լն է...
-Մեր դիրքորոշումը եղել է և մնում է հստակ, միջազգային հանրությունը շատ պարզ հասկանում է ամեն ինչ, ժողովուրդն էլ լավ հասկանում է: Եթե գործընթացը հաջողություն կունենա, շատ լավ, եթե չի ունենա, համարեք, որ դա էլ հաջողություն է, որովհետև ցուցադրվեց քաղաքական կամք` կարգավորելու ապագային միտված հարաբերություններ: Այն ազգը, որը թաղված է մնում իր անցյալում, չի կարող լավ ապագա կառուցել սերունդների համար, ինչպես և այն ազգը, որը մոռանում է իր անցյալը: Անցյալից պետք է ճիշտ եզրակացությունների գալ. ունեցել ենք ողբերգական էջեր, որոնք պետք է մեզ ուժ տան ապագայում այլևս նման ողբերգական էջեր չունենալու, ոչ թե թաղված մնանք այդ էջերի մեջ` մեզ սպանել են, բռնաբարել են, կողոպտել են: Չի կարելի բարդույթավորվել հարյուրամյակների մեջ:
-Այո, բայց մեդալի հակառակ կողմն էլ կա` մենք բարդույթավորվում ենք իբրև սպանված, բռնաբարված, կողոպտված, թուրքերը բարդույթավորվում են իբրև մարդասպան, բռնաբարող ու կողոպտիչ: Բարդույթը չընդունելը շատ ավելի խոր բարդույթի վկայություն է:
-Աշխարհի ժողովուրդների պատմության մեջ չկան ժողովուրդներ, որ միայն հաղթանակներ ու նվաճումներ են ունեցել, ոչ մի կայսրություն հավերժական չի եղել, ոչ մի զորավար միայն հաղթանակներ չի տոնել, բայց դա չի նշանակում, որ պատմությունը կանգ է առել նրանց պարտության կետում, ու այդ ժողովուրդների համար վերջացել է ամեն ինչ: Ես կարծում եմ, որ մենք պետք է առաջ գնանք, պետք է նորմալացնենք մեր հարաբերությունները թուրքերի հետ, զարգացնենք մեր տնտեսությունը, հզորացնենք երկիրը, ճիշտը դա է: Այսօր հողերի հարց բարձրացնելուց առաջ պետք է հասկանալ, որ դա հնարավոր չէ առանց պատերազմի: Իսկ եթե տեսակետներ կան, որ 70- միլիոնանոց Թուրքիային կարող ենք պատերազմ հայտարարել ու հաղթել, թող լինեն, բայց ես այդ տեսակետը, լինելով պրագմատիկ գործիչ, պաշտպանել չեմ կարող: Մենք պիտի չկորցնենք ու սիրենք մեր երազները, բայց դա չի նշանակում, որ կարող ենք ու պետք է դնենք ռեալ քաղաքականության հիմքում` հանձն առնելով պատասխանատվություն պետության ու ժողովրդի առաջ:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ միջազգային ուժերի ճնշմամբ Թուրքիան արձանագրությունները վավերացնի, սահմաններն էլ բացի, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միջամտություններից էլ հրաժարվի:
-Միջազգային հանրության ուղերձն այսօր ակնհայտ է ու պարզ` բացառիկ իրավիճակ է ստեղծվել, ելնելով նաև իրենց շահերից. և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ն, և՛ Ռուսաստանը տարածաշրջանին խաղաղություն ու կայունություն ցանկանալով, փաստորեն, Հայաստանի շահերն են պաշտպանում: Տարածաշրջանում քաղաքական ու տնտեսական կարևոր շահեր կան, որ աշխարհաքաղաքական կենտրոնների հրապարակային քաղաքականության հիմքում դնում են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, զարգացման հնարավորությունների ստեղծումը: Այդ իմաստով` Թուրքիան իրոք դժվար կացության մեջ է հայտնվում, եթե հավելենք նաև քրդական հարցը, կիպրական հարցը... Թուրքիայում էլ արձանագրությունները վավերացնելու ու չվավերացնելու իրենց տեսակետից հիմնավոր դիրքորոշումներ կան, բայց ժամանակը ռետին չէ. ո՛չ կարող ես անվերջ ձգել, ո՛չ կարող ես ընդմիշտ ջնջել: Ողջամիտ ժամկետներ կան:
-Որքա՞ն են ողջամիտ ժամկետի մեր պատկերացումները և համապատասխանո՞ւմ են թուրքական պատկերացումներին:
-Մի քանի ամիս, ոչ ավելի: Տարիներ տևել չի կարող: Իսկ համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, առաջիկա մի քանի ամսում էլ կերևա: Ցանկացած գործընթաց ունի իր ժամկետները:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3141

Մեկնաբանություններ